Ամեն անգամ, երբ վերնագրում հիշատակված այս թիմը մասնակի կամ լրիվ ձախողվում է տուրի հերթականում՝ իրեն շրջանցելու փայլուն հնարավորություն տալով մրցակիցներին, վերջիններիս վրա անհասկանալի շորշոփ է իջնում՝ շրջանցումն այդ դարձնելով անիրագործելի: Եթե ամեն ինչ այսպես գնա, բոլոր չափանիշներով համեստ այս ակումբը ստեղծված իրավիճակում, բնականաբար, կդառնա երկրի չեմպիոն, ու դա, ի դեպ, կլինի ոչ միայն տրամաբանական, այլև արդարացի: Իսկ այն, որ առաջնության առաջին չորս հորիզոնականներում գտնվող թիմերը միացյալ ուժերով «հաջողացնում» են վաստակել ընդամենը մեկ միավոր, նման բան, երևի թե, կարող է լինել միայն Անգլիայի առաջնությունում ու հատկապես այս մրցաշրջանի առաջնությունում, որը պարականոն է բոլոր առումներով:
ԱՆԳԼԻԱ
Եվ այնուամենայնիվ «Լեստեր»-«Վեստ Բրոմվիչ» դիմակայությանն անդրադառնալուց առաջ եկեք խոսենք տուրի գլխավոր հանդիպումից: Ընդամենը երեք օր առաջ «Լիվերպուլը» լիգայի գավաթի եզրափակչում զիջեց «Մանչեստր Սիթիին»: Հիշում եք՝ ո՛չ խաղի հիմնական, ո՛չ էլ լրացուցիչ ժամանակը կողմերին չբերեց առավելություն, ու ամեն ինչ որոշվեց տասնմեկմետրանոցներով:
Առաջնության հերթականում «Լիվերպուլը» չարացա՞ծ էր գավաթայինի ձախողումից, թե՞ պարզապես «Մանչեստր Սիթին» չէր հասցրել դուրս գալ հաղթանակի բերած էյֆորիայից, որոշելիքը թողնում եմ ձեզ, բայց որ Կլոպի սաները «քաղաքաբնակներին» վերածեցին «այլ տեղի բնակների», փաստում է խաղի հաշիվը՝ 3:0: Ընդ որում, նկատենք, որ այս պարտությունը բավական աղոտ դարձրեց «Սիթիի» չեմպիոնական հավակնությունները, թեև առաջնության ավարտին դեռ երկար ժամանակ կա:
Այս առաջնությունում «Վեստ Բրոմվիչը» քիչ թոփ ակումբների արյուն չէ, որ պղտորել է: Որքան էլ «Լեստերն» ընթացիկում հրաշքներ է գործում ու, որպես հետևանք, միանգամայն օրինաչափորեն գլխավորում աղյուսակը, նրան այդպիսի ակումբ չես անվանի: Եվ այդուհանդերձ, այս դիմակայությունում սպասվում էր հենց նրանց հաղթանակը: Ամեն ինչ գնում էր դրան, սակայն «Վեստ Բրոմվիչը» կարողացավ անել իրենն ու տանտերերին զրկել բաղձալի երեք միավորից՝ 2:2: Սա փայլուն հնարավորություն էր երկրորդ հորիզոնականում գտնվող «Տոտենհեմի» համար, որն արտագնայում «Վեստ Հեմին» հաղթելու դեպքում մեկ միավորով կշրջանցեր «Լեստերին»: Կշրջանցեր, եթե իրենց լոկալ հարցերը լուծող տանտերերը թույլ տային: Արդյունքում Պոչետինոյի սաները մրցասպարեզը թողեցին գլխահակ՝ 0։1:
Իր հերթին «Տոտենհեմի» պարտությունից կարող էր առավելագույնս օգտվել «Արսենալը», եթե հաղթահարեր «Սուոնսիի» արգելքը, ինչն այնքան էլ բարդ խնդիր չէր թվում, մանավանդ որ «զինագործները» տանտիրոջ կարգավիճակում էին: Մինչդեռ եղավ հակառակը: Խաղավարտին մոտ հյուրերը խփեցին հաղթական գոլն ու տուն վերադարձան երեք միավոր վաստակած՝ 2:1: Վերջնահաշվում այնպես ստացվեց, որ առաջնության առաջին քառյակի հանդիպումներից շահած դուրս եկավ «Լեստերը», որն արդեն երեք միավորով է առաջ երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմից»: Իր հերթին վերջինիցս երեք միավորով է հետ մնում 51 միավոր ունեցող «Արսենալը»:
Անգլիայի առաջնության թեման ընդհանրապես ու լեստերյան թեման մասնավորապես եզրափակենք հետխաղյա ասուլիսում Կլաուդիո Ռանիերիի արած բարձրաձայնումով՝ չմոռանալով նաև «Չելսիին». «Չեմպիոնական մրցավազքին մասնակցում են «Արսենալը», «Տոտենհեմը» «Մանչեստր Սիթին», իսկ փոքրիկ «Լեստերը» կռվում է նրանց դեմ: Չորս միավոր երկու ծանրագույն խաղում՝ ֆանտաստիկա է: Մենք պատրաստ ենք պայքարը շարունակելու»:
Ինչ վերաբերում է շնչառությունը կարծես թե տեղը բերող «Չելսիին», մրցաշարային աղյուսակում բավական համեստ դիրքերում գտնվող «Նորվիչի» նկատմամբ հաղթանակը նրանց երրորդ անընդմեջն էր: Հիդինկը այս խաղում նախապատվությունը գերազանցապես տվել էր երիտասարդներին ու հուսախաբ չեղավ: Մասնավորապես Ռոբերտ Քենեդին ոչ միայն խփեց իր անդրանիկ գոլը, այլև դարձավ առաջնության ամենաարագ խփված գոլի հեղինակ: Նշենք նաև «ՈՒոտֆորդին» հաղթած «Մանչեստր Յունայթեդին»՝ 1:0:
ԻՍՊԱՆԻԱ
Եթե Անգլիայի առաջնությունում առաջատարները հարկ եղածից ավելի զիջող էին, Լա լիգայում միանգամայն այլ տրամադրություն էր: Մի քանի օր առաջ Մադրիդի «Ռեալին» պատժելուց հետո «Աթլետիկոն» նույնն արեց և մյուս «Ռեալի»՝ «Ռեալ Սոսիեդադի» հետ՝ 3:0: Իր հերթին «Աթլետիկոյից» ունեցած վիրավորվածությունը Մադրիդի «Ռեալը» կոտրեց «Լևանտեի» վրա՝ հաղթելով 3։1 հաշվով: «Բարսելոնի» մասին ոչինչ չենք կարող ասել, քանի որ «Ռայո Վալեկանոյի» հետ հանդիպումը կայացել է երեկ ուշ երեկոյան: Բոլոր դեպքերում ասենք, որ այդ հանդիպման ելքից անկախ, կատալոնցիները ութ միավոր ավելի ունեն «Աթլետիկոյից», իսկ վերջինս իր հերթին չորս միավորով առաջ է 54 միավոր ունեցող «Ռեալից»:
ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայում էլ իրեն որոշակիորեն զգալ տվեց Անգլիայի առաջնության շորշոփը, սակայն դա բացառապես տարածվեց «Բավարիայի» վրա, որը զիջեց վերջին հինգ խաղում չորս հաղթանակ տոնած «Մայնցին»՝ 1։2 (ժամանակային այս նույն հատվածում նման բան մեկ էլ արել են «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան»): Ի դեպ, սեփական հարկի տակ ընթացիկ մրցաշրջանում սա մյունխենցիների առաջին պարտությունն էր: Գվարդիոլայի սաների այս սայթաքումից իսկույն օգտվեցին դորտմունդցիները՝ դրսում 2:0 հաշվով հաղթելով «Դարմշտադտին» ու առաջատարից հետ մնալը հասցնելով հինգ միավորի: Ի դեպ, առաջիկա տուրում այս տարբերությունը կարող է էականորեն նվազել, քանի որ առերեսվելու են նույն «Բորուսիան» ու «Բավարիան»: Դորտմունդցիներն ունեն 57 միավոր: Նույնպիսի հաշվով հաղթանակ է տոնել արդեն 39 միավոր ունեցող «Հերտան»: Մրցակիցը Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» էր:
ԻՏԱԼԻԱ
Երկրի գավաթի խաղարկությունում վերջապես գտնվեց իտալական առաջնության երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ալեսանդրիայի» «պորտը տեղը դնելու» ունակ մեկը: Կիսաեզրափակչում դա ավելի քան համոզիչ արեց «Միլանը»՝ հինգ անպատասխան գնդակի առավելությամբ: Կիսաեզրափակչի մյուս խաղում «Ինտերը» 3:0 հաշվով պարտության մատնեց «Յուվենտուսին», որից պարտվելն արդեն դարձել է բնավորություն: Քանի որ առաջին դիմակայությունում գրանցվել էր նույնպիսի արդյունք, նշանակվեց լրացուցիչ խաղաժամանակ: Այն ավարտվեց ոչ-ոքի: Հետխաղյա տասնմեկմետրանոցներով (5:3) եզրափակչի ուղեգրի տեր, այնուամենայնիվ, դարձավ միանգամից երեք ճակատով կռիվ տվող «ծեր սինյորան»: «Միլանի» հետ վճռորոշ խաղը կայանալու է մայիսի 11-ին:
ՖՐԱՆՍԻԱ
Իտալիայի օրինակով գավաթային խաղի օր էր և Ֆրանսիայում: Մեկ քառորդում «Պարի Սեն Ժերմենը» հաղթեց «Սենտ Էտիենին» (3:1) ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ